ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Եթե հոգնել եք, դադար առեք, բայց մի՛ լքեք, մի՛ թողեք մարտադաշտը»

«Եթե հոգնել եք, դադար առեք,  բայց մի՛ լքեք, մի՛ թողեք մարտադաշտը»
07.06.2013 | 12:10

Նկարիչների միությունում բացվել է չեխաբնակ, ծնունդով արցախցի գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ աշխատանքների ցուցահանդեսը:
Մեզ հետ զրույցում գեղանկարիչն ասաց, որ ներկայացվել են իր տարբեր տարիների աշխատանքները` 54 գեղանկար, որոնցից մոտ տասը երբևէ չեն ցուցադրվել:
Աշոտ Առաքելյանը հիմնականում ծաղիկներ է նկարում, ցուցահանդեսին ներկայացված են նաև Արարատը պատկերող երկու կտավներ:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ Աշոտ Առաքելյանը Հայաստան է եկել մեծ դժվարություններով: «Այս նկարները երկար ճանապարհ են անցել: Միայն սրտի կանչով կարելի է ավտոմեքենայով Չեխիայից հասնել Հայաստան,- ասաց նա,- որովհետև նկարները ցուցադրելու համար հեղինակը մեծ հնարավորություններ ունի` սկսած Եվրոպայից, վերջացրած Արցախով: Եթե մարդու մեջ կա սեր դեպի հայրենիքը, նա իսկապես բարձր արվեստի տեր կարող է լինել: Այս նկարների մեջ կա մեծ ջերմություն, կուլտուրա, որ քչերին է հատուկ»: Կարեն Աղամյանը նշեց նաև, որ առաջին անգամ չէ, որ առիթ են ունենում ցուցադրելու չեխաբնակ գեղանկարչի աշխատանքները, նկատեց նաև, որ շատերը մեկնում են Հայաստանից ու նրանց հետքն այլևս չի երևում. կամ մեծամտանում են, կամ արվեստով չեն զբաղվում, կամ իրենց որակից են ամաչում: «Այս դեպքում գործ ունենք շատ ազնիվ, անկեղծ, բարձր արվեստագետի հետ»,- ասաց նկարիչների միության նախագահը:
Արցախի նկարիչների միության նախագահ Լենոր Զաքարյանն իր խոսքում նշեց, որ Աշոտ Առաքելյանը հեռու է ապրում, բայց հաճախ է գալիս Արցախ, մասնակցում է ցուցահանդեսների, եթե չի կարողանում գալ, աշխատանքներն է ուղարկում:
«Մարդը ծերանում է դեմքով, բայց հոգին եթե գեղեցիկ է, չի ծերանում, և այդ հոգին երևում է նրա աշխատանքներում»,- ասաց Լենոր Զաքարյանը:
Ինքը` գեղանկարիչը, խոսելով մեր մշակույթի, պատմության մասին, նշեց, որ հայ ժողովուրդը պետք է զենք սիրեր. եթե զենք ունենար, Հայաստանի ամբողջ տարածքը կպահեր: «ՈՒժն է ծնում իրավունքը: Ցավոք, մենք միասնական չենք, իսկ փոքր ժողովուրդը չպետք է մասնատված լինի»,- ասաց Աշոտ Առաքելյանը, նկատեց նաև, որ ժողովուրդը վհատված է: Ժաննա դը Արկի խոսքը հիշեցրեց` եթե հոգնել եք, դադար առեք, բայց մի լքեք, մի թողեք մարտադաշտը: Աշոտ Առաքելյանը Չեխիայի, Հայաստանի և Արցախի նկարիչների միության անդամ է:
Չեխիայում նկարիչը հանդես է գալիս նաև հրապարակախոսական գործունեությամբ, տպագրում է հոդվածներ («Միջին Ասիայից մինչև Եվրամիություն», «Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում»), ելույթներ է ունենում հեռուստատեսությամբ` արծարծելով հատկապես ցեղասպանությանը վերաբերող խնդիրներ: Նշենք, որ նա երկար տարիներ դասախոսել է Երևանի մանկավարժական համալսարանում, այժմ պատմության ամբիոնի պատվավոր անդամ է:
Աշոտ Առաքելյանի աշխատանքները բարձր են գնահատում թե՛ եվրոպացի, թե՛ հայ արվեստագետները:
«Շնորհակալ եմ, որ ինձ ծանոթացրիք մի մարդու հետ, որը կարողանում է համոզել աշխարհը դիտել մի փոքր այլ»:
«Նրա ծաղիկները շռայլ, զորեղ և շրջանակ չճանաչող կտավներ են»:
«Նա լավ գիտի աշխարհի երկու կողմերը` լավը և ստվերոտը, ու դրա համար է ծիծաղով ու ուրախությամբ իրեն տալիս այն օրվան, որով ապրում է»:
Այսպես են բնորոշում գեղանկարչին չեխ արվեստագետները` նրան ներկայացնելով «հայ, այժմ նաև մեր նկարիչ»:
Նկարում է երկաթյա գործիքներով, վրձին քիչ է օգտագործում: Ինչ վերաբերում է կտավների ուղղվածությանը, ասում է, որ մոտ են մոդեռն ռեալիզմին, բայց իրականում դժվար է բնորոշելը: Ասում է, որտեղ էլ ապրեր, կնկարեր նույն ձևով, թեև եվրոպական ճաշակը որոշակի թելադրանք է տալիս: Ցուցահանդեսներ է ունենում Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, նաև պատվերներ է ստանում: Նկարիչ ընկերներ ունի տարբեր երկրներում: Այս ամենը, իհարկե, իր ազդեցությունն ունի:
Արցախի մշակույթի նախկին նախարար Արմեն Սարգսյանը մի առիթով ասել է. «Աշոտի նկարներում հայկական եռագույն դրոշն եմ տեսնում` կարմիրը, կապույտը, նարնջագույնը»: Բայց և այնպես, Աշոտ Առաքելյանը համոզված է, որ նկարչությունը սահմաններ, հայրենիք չունի:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 13-ը, հունիսի 20-ին չեխաբնակ գեղանկարչի աշխատանքները կցուցադրվեն Շուշիի նորաբաց պատկերասրահում։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ